воскресенье, 5 августа 2012 г.

Հայնրիխ Բյոլ. «Իմ թանկ ոտքը»

Հիմա նրանք ինձ հնարավորություն են տվել: Նրանք ինձ հաշվառման են վերցրել: Ես պիտի ներկայանայի աշխատանքային գրասենյակ և ես ներկայացա գրասենյակ: Պաշտոնավայրում նրանք շատ սիրալիր էին: Վերցրեցին իմ հաշվառման քարտը և ասացին. «Հըմ»: Ես էլ ասացի «հըմ»:

- Ո՞ր ոտքն է,- հարցրեց պաշտոնյան:

- Աջ:

- Ամբողջությա՞մբ:

- Ամբողջությամբ:

- Հըմ,- նորից արեց նա: Հետո սկսեց քրքրել տարբեր թղթեր: Ես կարող էի նստել:

Վերջապես մարդը գտավ մի թերթիկ, որն, ըստ երևույթին, ճիշտ իր ուզածն էր: Ասաց.

- Կարծում եմ, Ձեզ համար ինչ-որ բան կճարվի: Մի լավ գործ: Դուք հնարավորություն կունենաք նստած տեղը աշխատել: Կոշիկ մաքրող, հանրապետության հրապարակի հասարակական զուգարաններից մեկում: Ինչպե՞ս է:

- Ես չեմ կարող կոշիկ մաքրել, ես արդեն վատ մաքրողի համբավ ունեմ:

- Դուք կարող եք սովորել,- ասաց նա:- Մարդը կարող է ամեն ինչ սովորել: Գերմանացին ամեն ինչ կարող է: Ցանկության դեպքում դուք կարող եք անվճար դասընթացների մասնակցել:

- Հըմ,- արեցի ես:

- Բարի՞, ուրեմն:

- Ոչ,- ասացի,- ես չեմ ուզում: Ես ավելի բարձր ռոճիկ եմ ուզում:

- Դուք խելքներդ թռցրել եք,- մեղմ ու բարեկամաբար հանդիմանեց նա:

- Ես խելքս չեմ թռցրել, ոչ մեկը չի կարող ետ բերել իմ ոտքը, ես այլևս չեմ կարող սիգարեթ վաճառել, հիմա արդեն դա ինձ համար դժվար է:

Մարդը ետ ընկավ աթոռին և խոր հոգոց հանեց:

- Սիրելիդ իմ,- սկսեց նա,- ձեր ոտքը խելքից դուրս թանկ ոտք է: Տեսնում եմ` քսանինը տարեկան եք, առողջ սիրտ ունեք, առհասարակ կատարյալ առողջ եք, ոտքից գլուխ: Կապրեք յոթանասուն տարի: Խնդրեմ, հաշվեք, ամսական յոթանասուն մարկ, տարվա մեջ` տասներկու անգամ, ուրեմն` քառասունմեկ անգամ տասներկու անգամ յոթանասուն: Հաշվեք խնդրեմ, տոկոսները հանած: Մի կարծեք, թե ձեր ոտքը միակն է: Դուք ինքներդ նույնպես միակը չեք, ով հավանաբար դեռ երկար կապրի: Եվ այդ ամենով հանդերձ` ռոճիկը բարձրացնե՞լ: Ներող կլինեք, բայց դուք խելքներդ թռցրել եք:

- Պարոնս,- ասացի ես, իր նման ետ ընկա աթոռին և խոր հոգոց հանեցի,- կարծում եմ, որ դուք իմ ոտքը խիստ թերագնահատում եք: Իմ ոտքը շատ ավելի թանկ է: Շատ-շատ թանկ ոտք է: Ոչ միայն իմ սիրտն է կատարյալ առողջ, այլև, դժբախտաբար, գլուխս: Մի րոպե լսեք:

- Ժամանակ չունեմ:

- Լսեք մի րոպե,- ասացի ես,- նույն ինքը` իմ ոտքը շատ-շատերի կյանք է փրկել, այդ մարդիկ այսօր լավ ռոճիկ են ստանում:
Ահա թե բանն ինչպես եղավ: Բոլորովին մենակ պառկել էի առջևի գծում մի տեղ և հսկում էի, թե երբ նրանք կգային, որպեսզի մերոնք ճիշտ ժամանակին կարողանային հեռանալ: Հետին գծում շտաբները կազմ-պատրաստ սպասում էին. նրանք չէին ուզում ոչ շուտ, ոչ էլ ուշ հեռանալ:

Սկզբում երկու հոգով էինք, բայց նրան սպանեցին, նա էլ ոչինչ չարժեր: Ճիշտ է, ամուսնացած էր, բայց կինը ողջ է և ի վիճակի է աշխատելու. այնպես որ դուք վախենալու կարիք չունեք, նա ուրեմն սարսափելի էժան էր: Ընդամենը չորս շաբաթվա զինվոր էր և մի փոստային բացիկից ու զինվորի մի կտոր հացից ավելին չարժեր: Այնքան ազնիվ ու քաջ էր, որ առնվազն իրեն սպանել տվեց: Լավ, ուրեմն, մենակ պառկել էի այնտեղ և վախենում էի, և ցուրտ էր, ես էլ էի ուզում հեռանալ, այո, և այն է` ուզում էի հեռանալ, երբ մեկ էլ…

- Ես ժամանակ չունեմ,- ասաց մարդը և սկսեց փնտրել մատիտը:

- Ոչ, լսեք մինչև վերջ,- ասացի,- ամենահետաքրքիրը հիմա է: Հենց որ ուզում էի հեռանալ` ոտքիս այս պատմությունը եկավ գլխիս: Եվ որովհետև, ինչ խոսք, այդպես ընկած պիտի մնայի, մտածեցի ինքս ինձ` հիմա դու կարող ես արդեն ազդանշան տալ, և ես ազդանշան տվեցի, և նրանք բոլորը արանքը ճղեցին, հերթով, ըստ կարգի, նախ զորամասը, հետո գունդը, հետո գումարտակը և մնացածները` իրար ետևից, շարեշար: Տխմար պատմություն. նրանք մոռացան ինձ հետները վերցնել, պատկերացնո՞ւմ եք: Այնպես էին շտապում: Իսկապես որ տխմար պատմություն. թե որ ոտքս չկորցնեի, բոլորն էլ կմեռնեին` գեներալը, գնդապետը, մայորը` հերթով, ըստ կարգի, և դուք հիմա ստիպված չէիք լինի նրանց ռոճիկ տալ: Դե հիմա ինքներդ հաշվեք, թե ինչ արժե իմ ոտքը: Գեներալը հիսուներկու տարեկան է, գնդապետը` քառասունութ, մայորը` հիսուն, բոլորն էլ ոտքից գլուխ առողջ, առողջ սիրտ, առողջ գլուխ, իրենց զինվորական կենցաղն էլ վրադիր` կապրեն առնվազն ութսուն տարի, Հինդենբուրգի չափ: Դե, խնդրեմ, հաշվեք. հարյուր յոթանասուն անգամ տասներկու անգամ երեսուն, միջինը վերցնենք թեկուզ երեսուն, այո՞: Իմ ոտքը դարձել է խելքից դուրս թանկ, մեկը ամենաթանկ ոտքերից, որ ես կարող եմ երբևէ երևակայել, հասկանու՞մ եք:

- Չէ, դուք խելքներդ թռցրել եք,- ասաց մարդը:

- Ոչ,- պատասխանեցի,- ես խելքս չեմ թռցրել: Ափսոս, որ սիրտս գլխիս պես առողջ է, ափսոս, որ ոտքս կորցնելուց գոնե մեկ րոպե առաջ ինքս էլ չսպանվեցի: Մենք շատ փող խնայած կլինեինք:

- Հիմա ինչ, ուզու՞մ եք այս տեղը,- հարցրեց մարդը:

- Ոչ,- ասացի ես և դուրս եկա:


воскресенье, 29 июля 2012 г.

ՖՐԱՆՍՈՒԱԶ ՍԱԳԱՆ

ՄԻ ԵՐԵԿՈ

«Եթե ուզում ես որոշ բաներ մոռանալ, պետք է անպայման մտածես ուրիշ բաների մասին»,- բարձրաձայն ասաց կինը և կանգ առավ սենյակի մեջտեղում՝ մեղմ ժպիտը դեմքին: Նրա գլխում ժամանակը սպանելու երեք ծրագիր էր պտտվում՝ զանգել Սիմոնին և միասին գնալ որևէ տեղ, երեք քնաբեր հաբ կուլ տալ և քնել մինչև առավոտ (այս վճիռը, սակայն, ժամանակի տհաճ կորուստ էր թվում), կամ էլ փորձել որևէ գիրք կարդալ: Սակայն գիրքը, որքան էլ հետաքրքիր լիներ, ձեռքից կսահեր ու կընկներ գետնին կամ, ավելի ճիշտ (և նա պարզորոշ կերպով իրեն պատկերացնում է այդ դիրքում), նա գիրքը կդներ սավանի վրա և, անկողնում նստած, կփակեր աչքերը, դեղնագույն լույսը կհոսեր կոպերի ու տագնապի այս զգացումի միջով, որը երբեք չէր լքում նրան և կամ լքում էր միայն որոշակի պահերի՝ հաղթանակի, ուրախության պահերին, երբ նա ինքն իրեն ասում էր, երբ նա ինքն իրեն «խոստովանում էր», որ երբեք չի սիրել Մարկին և որ Մարկի հեռանալը այնքան էլ էական չէր: Ոչ, գիրք կարդալու մտքից պետք էր հրաժարվել անմիջապես, նա ինքն իր աչքից ընկնում էր, երբ զբաղված էր ընթերցանությամբ և ինքն իրեն հանդուրժում էր լոկ այն ժամանակ, երբ ընկնում էր մոռացության գիրկը: Իհարկե, «ուրիշների» հետ միասին:
Զանգահարել Սիմոնին: Եվ զանգերը գնում էին հեռախոսալարի միջով, իսկ այդ ընթացքում լսափողը նրա կամքով այտի վրայից սահում- բարձրանում էր ականջին, սև ու թաց եբենոսի մեջ, որը նույնիսկ զզվելի էր ինչ- որ չափով, կորչում ու կրկին լսվում էին ականջ ծակող հնչյունները, երբ եբենոսը հեռանում կամ հպվում էր մաշկին: «Այս պահը ֆիլմում հուզիչ պահ կլիներ՝ իր սիրեցյալի հետ խոսելուց առաջ կինը հղկում- փափկեցնում է ձայնը…»: Սիմոնի ձայնը առույգ էր, Սիմոնի ձայնը՝ միշտ առույգ ու թարմ: Նա եզրակացրեց, որ զանգել էր ուշ ժամի:
- Ես եմ,- ասաց նա:
- Ինչպե՞ս ես,- ասաց Սիմոնը:- Ոչ, եթե դու զանգում ես այս ժամին, ուրեմն տրամադրությունդ տեղը չէ:
- Ես ինձ վատ չեմ զգում,- ասաց նա: Այդ մարդու քնքուշ ձայնից աչքերն արցունքոտվեցին:- Ես ինձ վատ չեմ զգում, սակայն կուզենայի դուրս գալ ու մի բաժակ բան խմել որևէ տեղ: Դու անկողնո՞ւմ էիր:
-Ոչ,- ասաց Սիմոնը,- և բացի այդ, ես նույնպես ծարավ եմ: Տասը րոպեից կլինեմ քեզ մոտ:
Երբ նա կախեց լսափողը և հայելու մեջ տեսավ իր աղավաղված դեմքը, իսկույն ևեթ ուժասպառ եղավ, դեռևս դուրս չեկած՝ հոգնեց դուրս գալու մտքից, ողջ էությունը լցվեց այս սենյակում մեն-մենակ մնալու ցանկությամբ, Մարկի բացակա ներկայությամբ, այն ամենով, ինչը հավանաբար պետք էր տառապանք անվանել: Ու սնել այդ տառապանքը ու նվիրվել այդ տառապանքին: Նրան հաջողվում էր ատելությամբ լցվել ինքնապահպանման այդ բնազդի հանդեպ, որն արդեն մեկ ամիս է, ինչ կամաց- կամաց այլանդակում, ասես խրտվիլակ էր դարձնում իրեն: Եվ ինչու՞ չփորձել գոնե մի քիչ տանջվել՝ խուսափելու, ամեն ինչից շարունակ խուսափելու փոխարեն: Պարզապես անիմաստ էր այդպես ապրելը, անիմաստ էր այդ դժբախտ վիճակում մնալը, ինչպես անիմաստ էր երջանիկ լինելու համար ջանքեր գործադրելը, անիմաստ էր մնացած ամեն ինչը՝ կյանքը, Սիմոնը, այս ծխախոտը, որ նա ճզմեց մոխրամանի մեջ՝ մեկ անգամ ևս այտերին կարմրաներկ քսելուց հետո:
Լսվեց դռան զանգի ձայնը: Սիմոնն էր: Երբ իջնում էին աստիճաններից՝ ուսի վրայով նա ժպտաց Սիմոնին, և սրա դեմքին մի շփոթված ժպիտ խաղաց: «Ճիշտ է,- մտածեց կինը,- Մարկից առաջ ես հանդիպում էի Սիմոնին, բայց հիմա ես մոռացել եմ, թե ինչն էր մեր բաժանման պատճառը»: Իսկապես, նա այդ շրջանից շատ բան չէր հիշում, որովհետև բոլոր հուշերը Մարկից այն կողմ չէին անցնում, փշուր-փշրվում էին՝ ասես դիպչելով Ժիրիկոյի ամրոցի պատերին: Օհ, բավ է մտածել Մարկի մասին: Նա այլևս Մարկին չէր սիրում, չէր ուզում, որ նա կրկին վերադառնա և հիմա, անկասկած, միմիայն իրեն էր խղճում, իրեն՝ ինչպիսին որ կա այս պահին՝ թմբլիկ, կոկիկ, ինքն իրենից գոհ, սավառնելով օտար ուղեծրում:
- Ես հոգնել եմ ինքս ինձնից,- մեքենայի մեջ ասաց նա:
- Դու միակ կինն ես,- ասաց Սիմոնը և նրա ձայնը փոխվեց ֆալցետի,- և մենք բոլորս էլ քեզ ենք սիրում:
- Գիտե՞ս ինչ,- ասաց կինը,- այդ ամենը շատ նման է Մաք-Օռլանի երգին:
Ես ուզում եմ, ես արդեն չգիտեմ,
Թե ինչ եմ ուզում,
Չլսել այսուհետ իմ ձայնը-
Ահա թե ինչ եմ ուզում…
- Իսկ իմ ձայնն ուզու՞մ ես լսել,- ասաց Սիմոնը:- Ես քեզ սիրում եմ, թանկագինս, ես քեզ սիրում եմ կրքոտ:
Նրանք երկուսով ծիծաղեցին: Իհարկե, ամեն ինչ ճիշտ էր ասված: Երբ կանգնեցին գիշերային գինետան առջև, Սիմոնը ձեռքը գցեց կնոջ ուսով, և նա մեքենաբար սեղմվեց Սիմոնին:
Նրանք պարեցին: Ջերմացնող, հրաշալի բան է երաժշտությունը: Կնոջ այտը հանգչում էր Սիմոնի ուսին, և նա լուռ էր: Նա տեսնում էր իր շուրջը պարող զույգերին, ծիծաղից այլափոխված կամ սպասումից լարված նրանց դեմքերը, նա տեսնում էր տղամարդկանց ձեռքերը, որոնք օղակել էին գրավիչ մարմինները՝ երաժշտության ռիթմին հանձնած կանանց իրանը: Ոչ մի բանի մասին նա չէր մտածում:
- Այս լռությունը…,- ասաց Սիմոնը,- Մարկի՞ն է վերաբերում:
Նա գլուխն օրորեց:
- Գիտե՞ս ինչ, Մարկի պատմությունը բոլորովին ուրիշ է: Ոչինչ պետք չէ չափազանցնել: Կյանքը անցնում է:
- Բարեբախտաբար,- ասաց Սիմոնը:- Կյանքն անցնում է, ես մնում եմ, դու մնում ես: Մենք պարում ենք:
- Մեր կյանքը պարելով էլ կանցնի-կգնա,- ասաց նա:- Մենք նման ենք այս մարդկանց, ովքեր միայն պարում են:
Լուսադեմին նրանք դուրս եկան մաքուր օդ շնչելու, դեմքները սառը ջրով թրջեցին, և Սիմոնի ավտոմեքենան նրանց տարավ Սիմոնի տուն: Նրանք ոչ մի բառ չփոխանակեցին, բայց հետո, երբ պառկեցին քնելու, նա համբուրեց Սիմոնի այտը, կուչ եկավ նրա ուսի մոտ, և Սիմոնը վառած մի ծխախոտ դրեց նրա շուրթերի արանքում:
Վարագույրներից այն կողմ մոտենում էր օրը, գետնին ընկած հագուստների վրա լույս էր շաղ տալիս, և նրա աչքերը առաջվա նման փակ էին:
- Գիտե՞ս,- անխռով ձայնով ասաց նա,- համենայն դեպս, կյանքը, այս ամենը ծիծաղելի են…
- Ի՞նչը,- ասաց Սիմոնը:
- Չգիտեմ:- Եվ նրա կողմը շուռ գալով՝ կինը քնեց կողքի վրա: Սիմոնը մի պահ մնաց անշարժ, հետո հանգցրեց իրենց երկուսի ծխախոտները և ինքն էլ քնեց: 

                                       

Թարգմ. Սամվել Գասպարյան

вторник, 26 июня 2012 г.

Ինչպես խոսել բանաստեղծորեն. Լեոնարդ Քոհըն

                                                                                                               «Սրտակերի մահը» գրքից

Համարի՛ր, որ բառը թիթեռնիկ է: Բառն օգտագործելու համար պարտադիր չէ զինել դրանք   փոքրիկ,կեղտոտ թևիկներով կամ իջեցնել ձայնը: Արևային մի օր կամ դեղին նարգիզներով դաշտ էլ պետք չէ: Պարտադիր  էլ  չէ,  որ  լինես  սիրահարված, անգամ` թիթեռներին:



    Թիթեռային բառն իրական  թիթեռնիկը  չէ: Գոյություն   ունի բառ, և   գոյություն   ունի թիթեռնիկ: Թե շփոթես այս երկուսը, մարդիկ կծիծաղեն քեզ վրա: Բառից շատ   բան մի՛ սարքիր: Փորձում ես համոզել, որ դու   սիրում   ես թիթեռնիկների ավելի  շատ, քան  մեկ   ուրիշը, թե՞ իրականում  հասկանում ես իրենց էությունը:
Թիթեռային բառն ուղղակի  փաստաթուղթ  է: Այն  քեզ չի   տալիս
  հնարավորություն ճախրելու, սավառնելու, ծաղիկների հետ ընկերանալու, գեղեցկությունը  և  փխրունությունը  խորհրդանշելու կամ պարզապես  թիթեռնիկ    պատկերելու:
Մի՛ ներկայացրու  բառերը: Երբեք չներկայացնես  բառերը: Թռիչքի  մասին  խոսելիս երբեք  մի՛  փորձիր լքել   հատակը: 
Երբեք  մի՛ փակիր աչքերդ և գլուխդ  մեկ   ուղղությամբ մի՛   սևեռիր, երբ  մահվան  մասին   կխոսես: Սիրո մասին խոսելիս
 էլ   քո   կրակոտ   աչքերը   մի՛ սևեռիր   ինձ   վրա: Սիրո մասին խոսելու ժամանակ, եթե ուզում   ես   տպավորություն   թողնել ինձ  վրա, ձեռքդ  դիր գրպանդ կամ զգեստիդ տակ և խաղա ինքդ քո հետ: Եթե  փառքի ու գովեստի տենչը քեզ դրդել է խոսել սիրո մասին,  դու պետք է սովորես` ինչպես   դա  անել առանց ինքդ քեզ  խայտառակելու: Օգտագործի՛ր բառերն   այնպիսի   ճշգրտությամբ, կարծես հսկայական մի ցուցակ կստուգեիր :  Մի՛ հուզվիր  կանացի   երիզապատ բլուզ ասելիս: Մի՛ գռեհկացիր կանացի  ներքնազգեստ  ասելիս: Թաշկինակից  մի՛ արցունքոտվիր: Էջերը չպետք է գրգռեն երազկոտ  աչքերդ: Մի՛  արցունքոտիր    թաշկինակը: Գուլպաները  նրա  համար  չեն, որ  քեզ  տևական  և  օտար    ճանապարհորդություներ  հիշեցնեն: Այդ ամենը ընդամենը  հագուստ  է: Մի՛ խորացիր  դրանց   մեջ: Պարզապես   կրի՛ր  դրանք:
Բանաստեղծությունը ոչինչ չէ, քան պարզապես ինֆորմացիա: Այն ներքին աշխարհի    սահմանադրությունն  է: Եթե արտասանես  այն   մեծ հանդիսավորությամբ կամ   ցաքուցրիվ   անես` քո ազնիվ մղումներից ելնելով, ապա կհամարվես  ոչ  ավելի, քան մի   քաղաքագետ, ում արհամարհում   ես: Դու կհամարվես դրոշակ թափահարող մեկը, կամ    էժանագին հայրենասեր մի խեղկատակ: Մտածի՛ր, որ բառերը գիտություն են, այլ ոչ թե արվեստ: Կարծի՛ր, թե  ելույթ   ես  ունենում Ազգային Աշխարհագրական ընկերության   Հետազոտողների Ակումբի  գիտնականների առջև:  Այս մարդիկ գիտեն  լեռնագնացության   բոլոր վտանգները,  և  քեզ   կհարգեն` ընդունելով բառերը  որպես   ճշմարտություն: Իսկ   եթե փորձես զարմացնել նրանց քո «արվեստով», վիրավորած կլինես  նրանց հյուրասիրությունը: Խոսի՛ր նրանց հետ լեռնային բարձրություններից և դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ սարքավորումներից և ունակություններից:  Մանրամասնորեն  նկարագրի՛ր  արտաքին  նրբություններն   ու  այն   ժամանակը,  որ    ծախսել  ես: Մի՛ աշխատիր լսարանի հետ գովասանքի ծափահարությունների   համար:    Դու պետք   է արժանի   լինես  ըստ  նրանց    կարծիքի,  այլ  ոչ  թե   քո:  Հաջողությունդ    թո՛ղ մնա վիճակագրության մեջ, այլ ոչ թե հուզված ձայնիդ կամ ձեռքերիդ անորոշ  շարժումներում: Այն ուղղակի  կլինի   քո   զեկույցում և   քո   անվրդով    ներկայությունը:    Խուսափի՛ր  իրարանցումներից: Մի՛ վախեցիր թույլ երևալ և մի՛  ամաչիր   հոգնածությունիցդ: Հոգնած  ժամանակ լավ   տեսք   ունես:  Դու  նման ես  մեկին,  ով    պատրաստ  է  գնալ  մինչև   վերջ:  Իսկ  հիմա արի՛ իմ  գիրկը:  Դու գեղեցկության իմ պատկերացումն    ես:

Անգլերենից թարգմանեց ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ
____________________________________________________________________



суббота, 23 июня 2012 г.

ԴԵՌ մի քիչ մարդ եմ __


          
Մի սենյակ՝ ուր մտնելով վերանում ես աշխարհից: Որտեղ սկսել և ավարտել ես մի շարք պատմություններ, որոնք միշտ ապրում էին գրքերում, և չգիտես ինչու այդ բոլոր պատմությունների հերոսները միշտ այնքան հարազատ էին քեզ, և զարմանալիորեն դու միշտ կարծում էիր որ յուրաքանչյուրից մի մասնիկ ունես: 
Սենյակում միշտ իր տեղում դրված է Չարլի Չապլինի գիրքը, որը ժամանակ առ ժամանակ ընթերցում ես: Այն միակ գիրքը, որը երբեք չես ավարտում:
Եվ այդ ամենից առանձին դու այնտեղ ստեղծել էիր քո պատմությունը, որը այդպես էլ չես կարողանում ավարտել, ինչպես և չի ստացվում ավարտել Չապլինի գիրքը: Զարմանալի է որ դու միայն քո ստեղծած պատմության, քո հերոսներին չես կարողանում հասկանալ: Նրանք քեզ համար այնքան հանելուկային են:
Ապրի՛ր, քո արտիստիկ սենյակում, շնչելով քո հիշողությունների հոտը, վերանալով աշխարհից, ախր այնտեղ դու երջանիկ ես __ :))
__________________________________________


четверг, 31 мая 2012 г.

Ամեն ինչ ոչնչի մասին: Ձեռքս բռնի, հա՞

Ամեն ինչ ոչնչի մասին: Ձեռքս բռնի, հա՞:  Ընթերցեք  ԱՅՍ  երաժշտության  տակ: *** Անպայման երգի տակ կարդա, խնդրում եմ: Ինձ թվում ա, որ էս երգի մեջ ա ամբողջ ասելիքս, ասելիքս էս երգով...

суббота, 26 мая 2012 г.

Գաբրիել Գարսիա Մարկես

ՀՐԱՇՔ տեսնելուն խանգարում է ՌԱՑԻՈՆԱԼԻԶՄԸ, որ մեր գլուխն են մտցրել ՎԱՏ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ


__ Վախենում եմ մահից, քանի որ երբեք պիտի չկարողանամ այն պատմել: Մինչդեռ սերը իմ միակ գաղափարականությունն է: Սերը սկիզբ է առնում ամեն առավոտ: Բայց կարող է վերջանալ ամեն երեկո: Սերը հավերժ է, քանի դեռ տևում է: Գոյություն չունի հավատարմություն: Գոյություն ունի ուղղամտությունը: Հնարավոր է սիրել հինգ կնոջ միաժամանակ, եթե կնոջ հանդեպ ճշմարտացի ես: Կինը ամենասքանչելի հայտնությունն է, բայց նրան տիրելու համար հարկավոր է մի ամբողջ կյանք ջանալ: Երբեք պետք չէ անել առաջին քայլը: Մերժված մարդը դատապարտված է: Կանայք ապագան են: Մեկն ասել է. «Եթե տղամարդիկ կարողանային ծննդաբերել, վիժումը սուրբ արարք կհամարվեր»: Աֆորիզմ, որը հարկ է շրջել:
__ Մայրս հրաշալի կին էր: Մի անգամ, երբ նրան հարցրեցին, թե իր որդին տաղանդավոր լինելու համար ինչին է պարտական, նա աչքը չթարթելով պատասխանեց. «Սկոտի հեղուկին»: Կամ ահա մի ուրիշ բան. դուք գիտեք, որ ես մի քանի եղբայր ունեմ: Ամեն անգամ, երբ մեզնից մեկը ինչ-որ տեղ պիտի մեկներ, նա մոմ էր վառում և սկսում աղոթել: Իսկ հիմա մենք բոլորս ապրում ենք տարբեր վայրերում, և երբ վերջին անգամ հանդիպեցի մորս` ինձ ասաց. «Գիտե՞ս, հիմա իմ տանը անընդհատ մոմ է վառվում, գուցե ձեզնից մեկը մի տեղ կթռչի, իսկ ես չեմ իմանա…»:
Իմ ընտանիքի բոլոր անդամները ինձ համար մեծ նշանակություն ունեն և այս կամ այն կերպարով հանդես են գալիս իմ վեպերի մեջ: Ես երբեք չեմ մոռանում, որ փոստի ծառայողի որդի եմ Արակատակայից: Եվ կարծում եմ… դեռ ուշ չէ երկրագնդի վրա ընդհանուր տուն ստեղծելու երազանքի իրագործման համար, որպեսզի ոչ մի ժողովուրդ չկարողանա թելադրել իր կամքն ուրիշներին:
__ Հավատում եմ, որ իրոք եղել է ժամանակ, երբ գորգերը թռել են, և ջիները բանտված են եղել շշերի մեջ: Հավատում եմ, որ Բաաղամի էշը խոսել է, ինչպես ասում է Ավետարանը, և միայն մի բան եմ ափսոսում, որ չեն ձայնագրել նրան. և կարծում եմ, որ Հեսունավեն ավերել է Երիքովի պատերը, իր շեփորների զորությամբ, և ափսոսում, որ չեն գրառել նրա ավերիչ երաժշտությունը: Հավատում եմ, ի վերջո, որ Սերվանտեսի Վիդրիերա անունով ուսանողը իրոք գտնվել է բաժակում, ինչպես ինքն էր կարծում` խելագարության մեջ, և իրոք հավատում Գարգանտյուայի զվարճալի ճշմարտությանը, որն առատորեն թրջում էր Փարիզի տաճարները: Ավելին, ես հավատում եմ, որ նման այլ հրաշքներ շարունակվում են կատարվել, ու եթե մենք չենք տեսնում դրանք, ապա դա մեծ մասամբ բացատրվում է նրանով, որ խանգարում է այն խավարամոլ ռացիոնալիզմը, որ մեր գլուխը մտցրել են գրականության վատ ուսուցիչները:

Աղբյուրը՝ asekose.am