суббота, 26 мая 2012 г.

Գաբրիել Գարսիա Մարկես

ՀՐԱՇՔ տեսնելուն խանգարում է ՌԱՑԻՈՆԱԼԻԶՄԸ, որ մեր գլուխն են մտցրել ՎԱՏ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ


__ Վախենում եմ մահից, քանի որ երբեք պիտի չկարողանամ այն պատմել: Մինչդեռ սերը իմ միակ գաղափարականությունն է: Սերը սկիզբ է առնում ամեն առավոտ: Բայց կարող է վերջանալ ամեն երեկո: Սերը հավերժ է, քանի դեռ տևում է: Գոյություն չունի հավատարմություն: Գոյություն ունի ուղղամտությունը: Հնարավոր է սիրել հինգ կնոջ միաժամանակ, եթե կնոջ հանդեպ ճշմարտացի ես: Կինը ամենասքանչելի հայտնությունն է, բայց նրան տիրելու համար հարկավոր է մի ամբողջ կյանք ջանալ: Երբեք պետք չէ անել առաջին քայլը: Մերժված մարդը դատապարտված է: Կանայք ապագան են: Մեկն ասել է. «Եթե տղամարդիկ կարողանային ծննդաբերել, վիժումը սուրբ արարք կհամարվեր»: Աֆորիզմ, որը հարկ է շրջել:
__ Մայրս հրաշալի կին էր: Մի անգամ, երբ նրան հարցրեցին, թե իր որդին տաղանդավոր լինելու համար ինչին է պարտական, նա աչքը չթարթելով պատասխանեց. «Սկոտի հեղուկին»: Կամ ահա մի ուրիշ բան. դուք գիտեք, որ ես մի քանի եղբայր ունեմ: Ամեն անգամ, երբ մեզնից մեկը ինչ-որ տեղ պիտի մեկներ, նա մոմ էր վառում և սկսում աղոթել: Իսկ հիմա մենք բոլորս ապրում ենք տարբեր վայրերում, և երբ վերջին անգամ հանդիպեցի մորս` ինձ ասաց. «Գիտե՞ս, հիմա իմ տանը անընդհատ մոմ է վառվում, գուցե ձեզնից մեկը մի տեղ կթռչի, իսկ ես չեմ իմանա…»:
Իմ ընտանիքի բոլոր անդամները ինձ համար մեծ նշանակություն ունեն և այս կամ այն կերպարով հանդես են գալիս իմ վեպերի մեջ: Ես երբեք չեմ մոռանում, որ փոստի ծառայողի որդի եմ Արակատակայից: Եվ կարծում եմ… դեռ ուշ չէ երկրագնդի վրա ընդհանուր տուն ստեղծելու երազանքի իրագործման համար, որպեսզի ոչ մի ժողովուրդ չկարողանա թելադրել իր կամքն ուրիշներին:
__ Հավատում եմ, որ իրոք եղել է ժամանակ, երբ գորգերը թռել են, և ջիները բանտված են եղել շշերի մեջ: Հավատում եմ, որ Բաաղամի էշը խոսել է, ինչպես ասում է Ավետարանը, և միայն մի բան եմ ափսոսում, որ չեն ձայնագրել նրան. և կարծում եմ, որ Հեսունավեն ավերել է Երիքովի պատերը, իր շեփորների զորությամբ, և ափսոսում, որ չեն գրառել նրա ավերիչ երաժշտությունը: Հավատում եմ, ի վերջո, որ Սերվանտեսի Վիդրիերա անունով ուսանողը իրոք գտնվել է բաժակում, ինչպես ինքն էր կարծում` խելագարության մեջ, և իրոք հավատում Գարգանտյուայի զվարճալի ճշմարտությանը, որն առատորեն թրջում էր Փարիզի տաճարները: Ավելին, ես հավատում եմ, որ նման այլ հրաշքներ շարունակվում են կատարվել, ու եթե մենք չենք տեսնում դրանք, ապա դա մեծ մասամբ բացատրվում է նրանով, որ խանգարում է այն խավարամոլ ռացիոնալիզմը, որ մեր գլուխը մտցրել են գրականության վատ ուսուցիչները:

Աղբյուրը՝ asekose.am

Комментариев нет:

Отправить комментарий